Վերջ: Ավարտվեց ֆուտբոլի աշխարհի քսաներորդ առաջնությունը, դրված են բոլոր վերջակետերը, տրված են բոլոր հարցերի պատասխանները: Բրազիլիայից գերմանացիները վերադառնում են ուժեղագույնի կոչումը նվաճած ու միանգամայն օրինականորեն նվաճած: Ոմանց համար սա խենթացնող ուրախություն է, ոմանց համար՝ ճշմարտության սոսկական արձանագրում, ոմանց համար՝ չիրականացած սպասումների, դառն հիասթափությունների իրողություն, ու այս ամենը նորմալ է, զարգացումների բնականոն ծիրում, քանզի կյանքում այնպես չի լինում, որ միանգամից բոլորին գոհացնես, բոլորի սպասումներն արդարացնես: Ավելին, այդպես չի լինում անգամ հեքիաթներում:
Մինչ առաջնության գլխավոր հանդիպմանն անդրադառնալը ներկայացնենք նախօրեին կայացած Բրազիլիա-Հոլանդիա դիմակայությունը, որը սփոփիչ կամ փոքր եզրափակիչ անվանումը կրող շարքի խաղերից է: Բնականաբար ակնկալիք կար, որ կիսաեզրափակչում գերմանացիներից դաժան պարտություն կրած աշխարհի հնգակի չեմպիոններն ամեն ինչ կանեն կորցրած դեմքը փրկելու համար, ու սրան պիտի որ գար օժանդակելու ողջ առաջնությունը գերարագություններով անցկացրած ու հատկապես վերջին երկու խաղերում հոլանդացիների ամբարած հոգնածությունը: Սակայն, ինչպես դիպուկ նկատել է ժողովուրդը, եթե մեկի կամ մի բանի նամուսը կտրվում է, վերջնականապես է կտրվում: Վան Գալի թիմի հետ հանդիպումում բրազիլացիները երեք անգամ ստիպված եղան գնդակը հանել սեփական դարպասից (նախորդ խաղում արձանագրվածի համեմատությամբ սա, եթե ոչ փայլուն, գոնե լավ արդյունք է)՝ փոխարենը չխփելով ոչ մեկը: Տանտերերի համար ահա այսպիսի տխուր վերջաբան ունեցավ առաջնությունը:
Ինչ վերաբերում է հոլանդացիներին, նրանք նախորդ առաջնության համեմատ մեկ քայլ նահանջ ապրեցին, սակայն սա այն դեպքերից է, որին կնախանձեին աշխարհի շատ ու շատ հավաքականներ: Իհարկե, ցավալի է, որ Արիեն Ռոբենի, ՈՒեսլի Սնեյդերի սերունդը պատմական արենայից հեռանում է այդպես էլ աշխարհի չեմպիոն լինելու հաճույքը չզգացած, սակայն նույն պատմության մեջ քիչ չեն նման զգացողություն ապրած ոչ պակաս հայտնի անուններ, ինչն այնուամենայնիվ չի խանգարում նրանց հիշելու ամենաբարձր բառերով, գնահատականներով: Ինչևէ, ուրեմն Աստծո կողմից նրանց սահմանվածն այսքանն էր ու այսքանի համար էլ պիտի շնորհակալ լինել:
Եզրափակչում աշխարհի այս առաջնությունը, այո, այդպես էլ Բրազիլիա չունեցավ, սակայն անմասն չմնաց հարավամերիկյան ֆուտբոլային դպրոցի փայլուն ներկայությունից: Գերմանացիներին ելել էր դիմակայելու Արգենտինայի ընտրանին՝ բոլոր օղակներում չափավոր հավասարակշռված թիմ, որի գլխավոր զենքը, բնականաբար, ֆուտբոլային անգերազանց մեծություն Լիոնել Մեսին էր՝ մարզիկ, ով փայլուն մարզավիճակում գտնվելու դեպքում միայնակ կարող է լուծել ցանկացած խնդիր, ու սրա մեջ չափազանցություն չկա: Այսինքն, ի՞նչ եմ ասում. ինձնից լավ գիտեք:
Արգենտինացիների պարագայում օգտագործելով «բոլոր օղակներում բալանսավորված թիմ» արտահայտությունը՝ բնականաբար մենք շատ ավելի գերադրականով այդ արտահայտությունը պիտի կիրառենք գերմանական ընտրանու առնչությամբ, որը միայն ալժիրցիների հետ դիմակայությունում տարակուսելու տեղիք տվեց իր հզորության մասին, սակայն այդ խաղը, երևի, հյուսիսաֆրիկացիների աստեղային ժամն էր:
Մինչ բուն հանդիպմանն անդրադառնալը մի բան էլ ասենք ու նոր անցնենք առաջ: Այս առաջնությունում տարբեր ընտրանիների առնչությամբ գրեթե նույն գնահատական-հավաստումը հնչեց: Ֆավորիտներին կամ որպես այդպիսին դիտվածներին նկատի ունենալով՝ ասում էին՝ Արգենտինան ունի Մեսի, Բրազիլիան՝ Նեյմար, Հոլանդիան՝ Ռոբեն, Պորտուգալիան՝ Ռոնալդու, հավելելով, որ, ճիշտ է, թեև Գերմանիան չունի ո՛չ Նեյմար, ո՛չ Ռոբեն, ո՛չ Ռոնալդու, ո՛չ Մեսի, փոխարենն ունի թիմ՝ դիտելով այն որպես հզոր հակակշիռ վառ անհատականություններ ունեցող ընտրանիներին:
Իհարկե, Բրազիլիա-Գերմանիա գոլառատ հանդիպումից հետո երևի շատերն էին սպասում, որ արգենտինացիների հետ խաղում էլ վերջինս անկշտում կլինի, բայց, կարծես, մի անգամ արդեն ասել եմ՝ գետն ամեն անգամ գերան չի բերում, պապն էլ ամեն անգամ գաթա չի ուտում: Վերջինս, ի դեպ, նաև այն պարզ պատճառով, որ պապն ամեն անգամ չի տատին գաթա թխելու հավես թողնում: Սա՝ ի միջի այլոց:
Դառնալով եղածին՝ ասենք՝ ակտիվում ունեցած հավելյալ հանգստյան օրն իր անուրանալի ծառայությունները մատուցեց գերմանացիներին: Չմոռանանք նաև, որ կիսաեզրափակչում հոլանդացիների նկատմամբ առավելության հասնելու համար արգենտինացիներից պահանջվեց ոչ միայն խաղային 120 րոպե, այլև հոգեբանականի ծանր բեռ ունեցող տասնմեկմետրանոցներ: Սրանք մանրամասներ են, որոնք հետին թվով գուցե ընթերցողին չհետաքրքրեն էլ, առավել ևս որ պատմությունը գերազանցապես կենտրոնանում է հիմնական փաստերի վրա, բայց դե պարտավորված ենք ասել այն, ինչ կա, մանավանդ որ եզրափակչի գոլազուրկ իննսուն րոպեից հետո արգենտինացիներից կրկին պահանջվեց լրացուցիչ երեսուն րոպեի խաղ, իսկ հոգնածությունն արդեն նաև նրանց աչքերում էր: ՈՒմ համար` բարեբախտաբար, ում համար էլ դժբախտաբար, Գյոտցեի խփած հաղթական միակ գոլը չթողեց, որ բանը հասնի տասնմեկմետրանոցներին:
Այս հաղթանակով գերմանացիները դարձան աշխարհի արդեն քառակի չեմպիոններ ու հավասարվեցին իտալացիներին, որտեղից ընդամենը մի քայլ է բրազիլացիներին կրկնելը: Սակայն այս հաղթանակը պատմական էր նրանով, որ գերմանացիները դարձան առաջին եվրոպական թիմը, որը հաղթեց ամերիկյան մայր ցամաքում, ինչն արդեն հոգեբանական բեռ էր դարձել հին աշխարհամասի հավաքականների համար: Փաստորեն, փլուզվեց հոգեբանական բավականին լուրջ պատնեշը:
Ինչևէ: Եղավ լինելիքը, ու գերմանացի ֆուտբոլիստների այս հրաշք սերունդը միանգամայն օրինականորեն հասավ չեմպիոնական բարձունքի, որից, ի դեպ, նման արդյունք ակնկալվում էլ էր՝ նկատի ունենալով նրա խաղային ձեռագրի հասունությունը, ֆուտբոլային պրոֆեսիոնալիզմը, բարձր անհատականության տեր ֆուտբոլիստների առկայությունը: Պատահական չէ, որ առաջնության մեկնարկից շատ առաջ ֆուտբոլային բազմաթիվ հեղինակություններ միաձայն նշում էին, որ, բացի չեմպիոնությունից, Գերմանիայի այս ընտրանու համար ցանկացած տեղ հավասարազոր է լինելու պարտության:
Ինչ վերաբերում է Արգենտինայի հնարավոր հաղթանակին, իրականանալու դեպքում այնուամենայնիվ, դրանում պարականոն բան կլիներ, որովհետև մի ամբողջ առաջնություն անցկացնել մեկ ֆուտբոլիստի հույսով ու ամեն անգամ սպասել, որ նա իրավիճակ կշտկի, կներեք, մի քիչ շատ չէ՞: Ի դեպ, ես սա չեմ ասում միայն որպես Մեսիի տաղանդի երկրպագու, որին առաջնությունն իր հարգանքի տուրքը մատուցեց՝ ճանաչելով մրցաշարի լավագույն ֆուտբոլիստ՝ շնորհելով «Ոսկե գնդակ»: Այս մրցաշարում Լիոնելը դարձել է չորս գոլի, մեկ գոլային փոխանցման հեղինակ, ի դեպ՝ բոլորն էլ արգենտինյան ընտրանու համար բախտորոշ նշանակությամբ:
Ավելացնենք նաև, որ անհատական մրցանակի արժանացավ նաև ողջ առաջնությունը պարզապես փայլուն անցկացրած, դարպասը գերազանցապես կողպած Մանուել Նոյերը, ով ամբողջ մրցաշարի ընթացքում ընդամենը չորս անգամ է գնդակը հանել դարպասից: Նրանն է «Ոսկե ձեռնոցը»: Նկատենք նաև, որ ունենալով ավելի խաղերի առավելություն, ոչ մեկը, այդ թվում` Թոմաս Մյուլլերն ու Լիոնել Մեսին, չկարողացան գերազանցել կոլումբիացի տաղանդավոր հարձակվող Խամես Ռոդրիգեսի նվաճումը, ով հինգ խաղում խփած վեց գոլով մնաց առաջնության լավագույն ռմբարկու:
Աշխարհի այս առաջնությունը մի շարք խմբագրումներ մտցրեց վիճակագրության մեջ: Նախ հիշատակենք երեսունվեցամյա Միրոսլավ Կլոզեին, ով դառնալով ևս երկու գոլի հեղինակ` աշխարհի առաջնություններում ¥2002-2014 թթ.¤ խփած գնդակների թիվը հասցրեց տասնվեցի: Մինչ այս այդ երջանիկը բրազիլացի Ռոնալդոն էր տասնհինգ գոլով ¥1998-2006 թթ.¤: Ի դեպ, այս հաշվարկում երրորդը նույնպես գերմանացի մարզիկ է՝ լեգենդար Գերդ Մյուլլերը: Նա 1970-1974 թթ. առաջնություններում դարձել է տասնչորս գոլի հեղինակ: ՈՒ մեկ որ խոսեցինք բոլոր ժամանակների գոլահարներից, հիշատակենք նաև ֆրանսիացի Ժյուստ Ֆոնտենին` մեկ առաջնությունում խփած իր տասներեք գոլով: Դա եղել է 1958-ի առաջնությանը:
Լինելով աշխարհի առաջնությունների պատմության մեջ եզրափակիչ գլխավոր մրցամարտերին ամենից շատ՝ ութ անգամ մասնակցածը՝ Գերմանիային ընտրանին ցույց տվեց հիսունտոկոսանոց արդյունք: Նրան հաջորդում են բրազիլացիները` յոթ, իտալացիները` վեց, արգենտինացիները` հինգ, հոլանդացիները` երեք անգամ:
Գերմանացիներն առաջինն են նաև աշխարհի առաջնություններում խփած գոլերի քանակով՝ 223: Ընդամենը երեքով են նրանց զիջում բրազիլացիները: Արգենտինացիների, իտալացիների, ֆրանսիացիների ակտիվում է համապատասխանաբար 131, 128, 106 գոլ:
Նվաճած բարձրագույն տիտղոսների քանակով առաջինը շարունակում է մնալ Բրազիլիայի ընտրանին՝ չեմպիոն է դարձել հինգ անգամ: Նրան հաջորդում են իտալացիներն ու գերմանացիները՝ չորսական անգամ: ՈՒժեղագույն հավաքական երկու անգամ ճանաչվել են արգենտինացիներն ու ուրուգվայցիները, մեկական անգամ՝ անգլիացիները, ֆրանսիացիները, իսպանացիները:
Մինչ այս առաջնությունը ամենաշատ գոլեր գրանցվել էին 1998-ին՝ 171: Ճիշտ է, այն չգերազանցվեց, սակայն կրկնվեց: Ինչ վերաբերում է նախորդած չորս առաջնություններին, պատկերն այսպիսին է՝ 2010 թ.` 145, 2006 թ.` 147, 2002 թ.` 161 գոլ:
Բրազիլական առաջնությունը արձանագրեց ևս մեկ ռեկորդային ցուցանիշ: Մինչև այժմ աշխարհի առաջնություններին մասնակցած ամենատարեց ֆուտբոլիստը կամերունցի Ռոժե Միլլան էր` 42 տարեկան 39 օրական: Այժմ «ծերուկի» պատվավոր տիտղոսը կոլումբիացի Ֆարիդ Մոնդրագոնինն է. խաղերի ժամանակ նա նշեց 43-ամյակը ¥43 տարեկան 3 օրական¤:
Իհարկե, աշխարհի առաջնությունից նշելու ուրիշ շատ ու շատ բաներ կան, սակայն եկեք բավարարվենք այսքանով, մանավանդ որ համաշխարհային ֆուտբոլի այս խոշորագույն իրադարձությանն անդրադառնալու դեռ բազմաթիվ հնարավորություններ կունենանք ու ոչ միայն մարզական կտրվածքով: Չէ՞ որ մենք հրաշալի գիտենք՝ ֆուտբոլը որքան էլ խաղ է, խոշոր առումով այն հենց ինքը՝ կյանքն է:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ